Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մայիսի 15-ը վերջնաժամկետ է սահմանել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցությունների համար։
Նրա խոսքով` հակառակ դեպքում ամերիկյան կողմը կարող է դուրս գալ բանակցային գործընթացից և դադարեցնել քննարկումներին մասնակցելը։
Գոնչարենկոն սա կապել է նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների հետ՝ նշելով, որ եթե հակամարտությունը շարունակվի, հանրապետականները կարող են քննադատության ենթարկվել դեմոկրատների կողմից։
Արաբական Միացյալ Էմիրություններում ավելի վաղ՝ հունվարի 23-ին, տեղի էին ունեցել Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի ներկայացուցիչների միջև փակ դռների հետևում բանակցություններ՝ անվտանգության հարցեր քննարկելու համար։ Ուշադրության կենտրոնում էին ԱՄՆ խաղաղության ծրագրի չլուծված կողմերը։
Վաշինգտոնն Աբու Դաբիում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունները պատմականորեն կարևոր էր անվանել։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ հանդիպումները լայնորեն չեն լուսաբանվել, սակայն նախագահ Դոնալդ Թրամփի թիմին հաջողվել է հակամարտող կողմերին միավորել բանակցությունների սեղանի շուրջ՝ «մոտեցնելով խաղաղության հեռանկարը»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 26-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև Աբու Դաբիում բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ փետրվարի 1-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







