Աբու Դաբիում կայացած ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները բացառիկ կարևոր նշանակություն են ունեցել ուկրաինական ճգնաժամի լուծման համար, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Քերոլայն Լևիտը, փոխանցում է Interfax-ը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը բանակցությունների սեղանի շուրջ համախմբել է հակամարտության երկու կողմերին, որպեսզի մոտենա խաղաղության առաջխաղացմանը»,- ասել է նա լրագրողներին։
Նրա խոսքով՝ Թրամփը շարունակում է ակտիվորեն ներգրավված մնալ ուկրաինական կարգավորման գործընթացում, ստանում է զեկույցներ:
«Նախագահը չի դադարում հավատալ խաղաղ գործընթացին»,- ամփոփել է Լևիտը:
Ավելի վաղ Axios պորտալը, վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին, հաղորդել էր, որ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները լավ են անցել, կողմերը քննարկել են բոլոր վիճելի հարցերը: Պորտալի զրուցակցի տեղեկություններով՝ պատվիրակությունները քննարկել են Դոնբասի, ԶԱԷԿ-ի թեման, դեէսկալացիայի միջոցառումները, որոնք կպահանջվեն հակամարտության ավարտից հետո:





































