Նոյեմբերի 1-ից «Քաղաքացիական պայմանագիր»-ում մեկնարկած 2026թ․ ընտրությունների նախընտրական ցուցակում ընդգրկվելու առաջադրումների շրջանը կտևի մեկ ամիս, սակայն թեկնածուների մեծ հոսք չի նկատվում, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Թերթն առաջադրումների մասին հստակ թիվ չի հայտնել, սակայն կուսակցությունից նրան փոխանցել են, որ ՔՊ-ում ակտիվ ճշգրտումների փուլ է։
Ըստ թերթի՝ «շարքային անդամները» փորձում են հասկանալ՝ որքա՞ն է իրենց շանսը, իմաստ ունի՞ առաջադրվել, թե՞ ամեն բան կանխորոշված է։
Նախընտրական ցուցակի թեկնածուներին պետք է ընտրի գարնանն սպասվող համաժողովը։ Թերթը հիշեցրել է, որ համագումարի ժամանակ ՔՊ վարչության ընտրությունների քվեարկությունները ցույց էին տվել, որ անգամ էլեկտրոնային հաշվարկի ժամանակ կարող են տեխնիկական խնդիրներ առաջանալ, ինչն, ըստ թերթի, անվստահություն է ստեղծել կուսակցության ներսում։
Մամուլը նոյեմբերի 5-ին գրել էր, որ կուսակցության վերջին նիստում որոշվել է նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար սահմանել 500 հազարից 1,5 միլիոն դրամ, ինչը դժգոհություն է առաջացրել։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսին։




































