ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ինքն է գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին խնդրել ձեռք բերել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»:
«Ինչ վերաբերում է պարոն Կարապետյանին, ապա պիտի բացահայտ ասեմ, որ Կարապետյանին ես եմ խնդրել, որպեսզի ռուսական մեկ այլ ընկերությունից ձեռք բերի ՀԷՑ-ը, որովհետև էլեկտրական ցանցերն իրոք շատ վատ վիճակում էին, և պետք էր մարդ, ով սրտացավություն ցուցաբերեր, ցանկանար տևական ժամանակ շահույթ չհետապնդել, այլ ներդրումներ անել, ինչը գոնե մինչև 2018 թվականը Կարապետյանը կատարել է, ես չգիտեմ՝ դրանից հետո շարունակվե՞լ է, թեև կարծում եմ, որ շարունակված կլինի»,- ասաց նա:
Հարցին, թե համագործակցության եզրեր տեսնո՞ւմ է Կարապետյանի կողմից ձևավորվող ուժի հետ, Սարգսյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն ցանկացած ընդդիմադիր ուժի հետ գործակցությունը հնարավոր է համարում:
«Եթե այդ գործակցության ձևերն ու մեթոդները մեզ համար ընդունելի են»,- հավելեց ՀՀԿ նախագահը։
Վերջինս քննադատեց նաև ՀԷՑ-ի պետականացման գործընթացը. «Ի՞նչ է նշանակում հապշտապ օրենք ընդունել, այդ օրենքով ինչ-որ նշանակումներ անել և գնալ այսպես ասեմ՝ ուրիշի սեփականությունը կառավարել, մարդկանց ազատել, ֆինանսական միջոցները տնօրինել, վատ եմ վերաբերվում, բայց դե կտեսնենք, համենայն դեպս՝ արբիտրաժի որոշում կա, դատական պրոցեսներ են լինելու»:
Դիտարկմանը, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը 2018-ին Սարգսյանի կողքին չի կանգնել, նա հակադարձեց, որ այդպիսի տեղեկություն չունի:
«Ես չունեմ այդպիսի տեղեկություն, որ 2018 թվականին Կարապետյանը կանգնել է իշխանությունների կողքին»,- հավելեց Սարգսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






