Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է նպաստել ճապոնական նավերի անցմանը Հորմուզի նեղուցով, որը համաշխարհային էներգակիրների փոխադրման կարևորագույն զարկերակ է, և որ բանակցությունները Ճապոնիայի հետ այս հարցի շուրջ շարունակվում են, հայտնել է Kyodo News-ը։
«Մենք նեղուցը չենք փակել։ Այն բաց է»,- լրատվականի հետ հեռախոսազրույցում ասել է Արաղչին և ընդգծել, որ Իրանը ձգտում է «ոչ թե հրադադարի, այլ պատերազմի լիակատար, համապարփակ և երկարատև դադարեցման»։
Արաղչին ասել է, որ Իրանը չի փակել ռազմավարական ջրային ճանապարհը, բայց սահմանափակումներ է դրել Իրանի դեմ հարձակումներին մասնակցող երկրների նավերի վրա, միաժամանակ՝ օգնություն առաջարկելով մյուսներին՝ անվտանգության հետ կապված մտահոգությունների ֆոնին։
Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է ապահովել Ճապոնիայի նման երկրների անվտանգ անցումը, եթե նրանք համակարգեն իրենց գործողությունները Թեհրանի հետ։
Ճապոնիան Մերձավոր Արևելքից է կախված իր հում նավթի ներմուծման ավելի քան 90%-ի համար, որի մեծ մասն անցնում է նեղուցով։
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ մի քանի երկիր փորձում է միջնորդել հակամարտության դադարեցմանը և ասել, որ Իրանը «բաց է ցանկացած նախաձեռնության համար» ու պատրաստ է քննարկել առաջարկները։
Միևնույն ժամանակ, նա ենթադրել է, որ չնայած դիվանագիտական ջանքերը շարունակվում են, Միացյալ Նահանգները դեռևս ցույց չի տվել իր պատրաստակամությունը իրական կարգավորման համար։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



