Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անընդունելի է համարել Գրոզնիի «Ախմատի» սենեգալցի պաշտպան Ուսման Նդոնգի նկատմամբ ռասիստական պահվածքի վերաբերյալ իր հասցեին հնչեցրած մեղադրանքները: Այդ մասին նա հայտնել է Տելեգրամի իր ալիքում։
Հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Կրասնոդարը» 2:0 հաշվով հաղթել էր «Ախմատին»։ Նդոնգը խաղադաշտից հեռացվել էր 86-րդ րոպեին՝ Սպերցյանի հետ բախման արդյունքում, ով դրանից հետո դեղին քարտ էր ստացել: Հոկտեմբերի 5-ին «Ախմատը» հանդես էր եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Նդոնգի։ Գրոզնիի ակումբում պահանջել են նաև հետաքննություն անցկացնել Սպերցյանի նկատմամբ և պատիժ սահմանել «ռասիստական գործողությունների» համար:
25-ամյա Սպերցյանը հայտարարել է, որ պատրաստ է յուրաքանչյուր ձևով ապացուցել, որ որևէ «ռասիստական գործողություն» չի կատարել։ Նա խորհուրդ է տվել ուսումնասիրել տեսախցիկները։
«Անընդունելի եմ համարում իմ հասցեին չհաստատված մեղադրանքները։ Պատրաստ եմ ապացուցել իմ իրավացիությունը ցանկացած ձևով։ Վստահ եմ իմ և իմ խոսքերի վրա, գիտեմ, որ ես դա չեմ ասել: Այն, ինչ հիմա կատարվում է, ծիծաղելի է հնչում, կրկես է»,- ընդգծել է Սպերցյանը։
Նդոնգը 26 տարեկան է և «Ախմատ» է տեղափոխվել 2025 թվականի հուլիսին: Կարիերայի ընթացքում սենեգալցին խաղացել է Իրանի և Ուրուգվայի առաջնություններում։




































