Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը 2024 թվականի US Open-ից հետո ընդգրկվել է աշխարհի 10 լավագույն թենիսիստների ցանկում՝ ըստ ATP-ի խաղերի հաղթանակների տոկոսային հարաբերակցության, հայտնում է Championship.com-ը։
Ռուս թենիսիստների մեջ նա գրանցել է լավագույն ցուցանիշը։ 2024 թվականի ԱՄՆ բաց առաջնությունից ի վեր նա հաղթել է 16 խաղում և պարտվել 7-ում (70%)։ Այս ընթացքում հաղթանակներով առաջատարն աշխարհի թիվ մեկ ռակետ, իտալացի Յաննիկ Սիներն է։
Հունվարի 3-ին Խաչանովը հայտնել էր աշխարհի լավագույն թենիսիստների թոփ 10-յակում ընդգրկվելու մտադրության մասին։
Խաչանովը 28 տարեկան է և համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 19-րդ տեղը: Մարզիկը 7 հաղթանակ է տարել ATP-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։ Մեծ սաղավարտի մրցաշարերում նրա լավագույն արդյունքն ԱՄՆ-ի (2022) և Ավստրալիայի (2023) բաց առաջնությունների կիսաեզրափակիչ դուրս գալն էր: 2021 թվականին Խաչանովն Օլիմպիական խաղերի մենախաղում արծաթե մեդալակիր էր դարձել, իսկ ռուսական թիմի կազմում՝ Դևիսի գավաթակիր։