Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն է հռչակվել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում նա 1։1 հաշվով հաղթել է վրացի Ռամազ Զոիձեին՝ վաստակած առաջին միավորի շնորհիվ։ Հատկանշական է, որ նախորդ տարվա եզրափակչում հայ ըմբիշը դարձյալ մրցել էր նույն մրցակցի հետ և հաղթել 3:1 հաշվով:
Այսօր ավելի վաղ Կարեն Ասլանյանը (63 կգ) դարձել էր Եվրոպայի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր։
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Տիրանայում ապրիլի 20-26-ը: Մրցաշարի ծրագրում ներառված են հունահռոմեական, ազատ ոճի և կանանց ըմբշամարտի մրցումները։ Հայաստանը ներկայացնող մարզիկները հունահռոմեական ոճում ներկայացված են 10, իսկ ազատ ոճում՝ 8 քաշային կարգերում։



























