Իշխանական շրջանակների հորդորով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հնարավոր է կիրառի վարչական և մրցավարական լծակներ՝ «Արարատ-Արմենիա» ակումբի հաղթանակը 2025/26 մրցաշրջանում բացառելու նպատակով, գրել է «Փաստ» օրաթերթը։
Թերթի աղբյուրները փոխանցել են, որ «Արարատ-Արմենիայի»՝ իշխանությունների ուշադրության կենտրոնում հայտնվելը կապված է նրա հետ, որ վերջինիս սեփականատերը գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր Սամվել Կարապետյանն է, և հունիսին սպասվելիք ընտրություններից առաջ «Արարատ-Արմենիայի» հնարավոր չեմպիոնությունը կարող է դառնալ լուրջ «փիառ» գործոն։
Պարբերականի հաղորդմամբ՝ մտահոգություններն ակումբի հասցեին սկսվել էին դեռևս փետրվարին, երբ հայտնի էր դարձել, որ թիմն իր գարնանային տնային հանդիպումները Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող մարզադաշտի փոխարեն անցկացնելու է Աբովյան քաղաքում։
«Արարատ-Արմենիան» 2018 թվականից ի վեր պատկանում է Կարապետյանին: Ընթացիկ առաջնությունում թիմը երկրորդ հորիզոնականում է, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել, ինչը, փաստացի, նրան դարձնում է առաջատար՝ «կորցրած» միավորներով:
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։






































