Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` 2020 թվականի մարտի 2-ի, 16:00 դրությամբ Չինաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) 80175 հաստատված դեպք, առողջացածների թիվը՝ 44607 (55.6%): Գրանցվել է 2915 մահվան դեպք (3.6%): Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Աշխարհում գրանցվել է 88950 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 62 երկրում գրանցվել է 8776 դեպք:
Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են: Արդեն իսկ իրականացվել է 120 հետազոտություն՝ մեկ դրական արդյունքով:
ԱՀԿ նոր մոտեցումների համաձայն՝ լրամշակվել են Նոր կորոնավիրուսային վարակի բուժման ալգորիթմը և դեպքերի ստանդարտ բնորոշման սահմանումները, որոնք սահմանված կարգով կհաստատվեն և կտեղայնացվեն:
Հանրապետության բժշկական կազմակերպություններում նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դիմակայումն ապահովելու համար իրականացվում է բուժանձնակազմի պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ:
Վարակի դեմ պայքարի գործում կարողությունների քննարկման նպատակով նախարարության մասնագետները մշտական կապի մեջ են ԱՀԿ և տարածաշրջանի գործընկերների հետ:
Առողջապահության նախարարությունը հորդորում է.
— Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
-Խուսափե´լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե´լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
-Տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով և ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
— Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե´լ բժշկի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







