Իրանից հատուկ չվերթով Հայաստան եկած բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները դիմակներ են կրել, նրանք ինքնաթիռից դուրս են եկել առանձին ուղիով: Այդ մասին այսօր՝ մարտի 1-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը նշեց, որ ինքնաթիռում եղել է 80 ուղևոր, մեկուսացվել է 32-ը, այդ թվում՝ վարակված ուղևորին և նրա կնոջը տուն տարած քաղաքացին և ապա նրանց հիվանդանոց տեղափոխած շտապօգնության անձնակազմը:
Արսեն Թորոսյանը հայտնեց, որ նրանք մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում, սակայն նախարարը լրագրողներին հորդորեց չգնալ և չնկարահանել մեկուսացվածներին:
Նա վստահեցրեց, որ հատուկ չվերթով ժամանած բոլոր ուղևորները պահվում են հսկողության տակ, նախարարության կողմից իրականացվող համաճարակային միջոցառումները համապատասխանում են բոլոր չափանիշներին:
Անդրադառնալով վարակված պացիենտի առողջական վիճակին՝ Արսեն Թորոսյանը նշեց․
«Վարակված պացիենտին դեղորայք չենք տալիս, նրա մոտ այս պահին ջերմություն չկա։ Լավ է, որ քաղաքացիական բարձր գիտակցությամբ պացիենտ ենք ունեցել, որը գանգատների դեպքում դիմել է բժշկին։ Բացի կանխարգելիչ միջոցառումներից՝ խորհուրդ ենք տալիս ինքնազգացողության վատացման դեպքում հատկապես ճամփորդական փորձ ունեցող քաղաքացիներին դիմել բժշկի։ Բժշկական հաստատությունները հրահանգավորված են, թե կախված պացիենտի տեսակից՝ ինչ ճանապարհով նա պետք է հասնի մեզ։
Նախարարը պարզաբանեց նաև, թե ինչու վայրէջքից հետո ջերմաչափվելիս վարակ չի հայտնաբերվել և արձանագրվել է միայն 4 ժամ անց: Նախարարը նշեց, որ հիվանդությունն ավելի ուշ է զարգանում, և եթե անգամ 32 ուղևորները վարակված լինեն կորոնավիրուսով, պարտադիր չէ, որ նրանք վարակեն մյուսներին, քանի որ վարակվելու համար վարակը պետք է մտնի մարդու բջիջներ:
Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ մինչ այժմ կորոնավիրուսի հաստատման-հերքման 117 թեստ է արվել, որից դրական արդյունք միայն մեկն է ցույց տվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







