Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղին է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտողությունը պատվաստումների թվաքանակի վերաբերյալ։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ավանեսյանը նշեց, որ անում են ամեն ինչ, որպեսզի պատվաստումների թվաքանակն ավելանա։
Առողջապահական համակարգի ղեկավարը տեղեկացրեց, որ Հայաստանի բնակչության 14 տոկոսն արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը։
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այլ երկրներում պատվաստումների ցուցանիշները շատ ավելի բարձր են: Մասնավորապես՝ եվրոպական և արաբական մի շարք երկրներում բնակչության 90 տոկոսից ավելին արդեն պատվաստվել է:
«Հայաստանում այս պահի դրությամբ կա մոտ 14 000 ակտիվ վարակակիր, որոնցից 176-ը պատվաստված են և հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն ունեն: Ավանեսյանի խոսքով՝ անձը կարող է պատվաստվելուց հետո վարակվել, բայց հիվանդությունն առանց ախտանիշների տանել, կամ թեթև մրսածության ախտանիշներ ունենալ, ինչը ցույց է տալիս, որ պատվաստումներն արդյունավետ են, նվազեցնում են թե՛ հոսպիտալիզացման դեպքերը, թե՛ ծանր դեպքերը, թե՛ մահերը»,- նշեց Ավանեսյանը։
Նախարարը հայտնեց նաև, որ վաղվանից Moderna պատվաստանյութով կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները։
Հիշեցնենք, որ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն իր դժգոհությունները հայտնեց պատվաստումների թվաքանակի վերաբերյալ։
Վարչապետը հանձնարարեց բոլոր լծակները գործադրել, որպեսզի պատվաստումներն ավելանան։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







