Հայաստանում կա կրկնավարակի մինչև 300 դեպք, բայց դրանք ենթակա են մանրամասն վերլուծության, քանի որ կան կրկնավարակ եզրույթին համապատասխանելու որոշակի չափանիշներ։ Օրինակ՝ առաջին և երկրորդ թեստավորման միջև պետք է լինի առնվազն 90 օր և այլն․․․ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հարցին ի պատասխան ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Անդրադառնալով կորոնավիրուսային պատվաստումների հարցին, Ավանեսյանն ասաց, որ ողջ աշխարհում մրցավազք է՝ պատվաստանյութ ձեռք բերելու և քաղաքացիներին պատվաստելու համար։ Հայաստանը ևս ողջ ուժով լծված է մի շարք հարթակներով պատվաստանյութի ձեռքբերման գործընթացն ապահովելուն։
«Կառավարությունը բավական ֆինանսական միջոցներ է հատկացրել գործընթացին ընթացք տալու համար։ Ներկայումս COVAX հարթակի միջոցով արդեն ունենք նախնական պայմանավորվածություն և կնքված պայմանագիր։ Բացի այդ՝ ունենք նաև երկկողմանի համաձայնություններ Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս պահին իրականացնում ենք միայն ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողների պատվաստումը»,- ասաց նախարարը։ Ի դեպ՝ այդպիսի մոտ 600 քաղաքացի է պատվաստվել։ Գործընթացը շարունակվում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







