Կորոնավիրուսով վարակված անձանցից 429 հոգի ծանր վիճակում է, 96-ը՝ ծայրահեղ ծանր, 30-ին էլ միացված է թոքերի օդափոխության սարք։ Իսկ այս պահին բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 901 պացիենտ։ Այս տվյալները Կառավարության նիստից հետո լրագրողներ հետ ճեպազրույցում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը նկատել է, որ քաղաքացիներից շատերը դիմակ չեն կրում։ Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ դիմակ չկրելը տուգանքի ենթակա արարք է։
«Ես կարծում եմ՝ այս ընթացքում մեր կառավարությունը, մասնավորապես, Առողջապահության նախարարությունն արել է ժամանակին համահունչ բոլոր քայլերը, որպեսզի զսպի հիվանդացության տարածումը: Իհարկե, գիտեք՝ կորոնավիրուսը նոր վարակ էր, դրա դեմ պայքարելու, բուժման հետ կապված հընթացս շտկումներ են արվել, և մենք էլ ժամանակին բոլոր նորությունները հաշվի առնելով՝ մեր քաղաքականությունը վարել ենք»,- նշեց նա։
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստմանը՝ Ավանեսյանը հայտնեց, որ փոքր քանակով սկսվել է բուժաշխատողների պատվաստումը, բայց դեռ նոր խմբաքանակ չկա:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ իրավիճակը կրկին լավ չէ, քանի որ մեկ օրվա կտրվածքով կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ 700-ից ավելի դեպք է գրանցվել:
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







