Ուրբաթ օրվա դրությամբ՝ ՀՀ-ում իրականացված ունիկալ թեստերի քանակը 55.849 է։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայատան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի այն հարցին, թե կա՞ն տվյալներ, թե հստակ քանի մարդ է թեստավորվել, քանի որ կան նաև մարդիկ, որոնք մեկից ավելի անգամ են թեստավորվում:
Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ, լինում են նաև դեպքեր, որ մարդիկ ոչ միայն կրկնակի, այլ եռակի, նույնիսկ տասն անգամ են թեստավորվել, նման վիճակագրութուն որևէ երկրում չկա:
Նախարարի խոսքով՝ նույնիսկ արվող թեստերի քանակն արդեն շատ երկրներ չեն հրապարակում, հիմնականում հրապարակում են, թե քանի նոր դեպք է հաստատվել, և քանի մահվան դեպք, որպեսզի գնահատեն իրավիճակի ծանրությունը:
«Ասել, որ մենք անում ենք քիչ թեստ, միանշանակ սխալ է, բայց դա նաև չի նշանակում, որ պետք է չընդլայնենք թեստավորման մեր հնարավորությունները։ Թեստերի թիվը ֆիքսել, թե ամեն օր պարտադիր այսքան պետք է անեն՝ չեն կարող, քանի որ դա ձևավորվում է ցուցումներով և այդ օրվա էպիդ վիճակից»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ հաճախ լինում են կոլեկտիվ թեստավորումներ, եթե, օրինակ, կա որևէ բռնկում որևէ արտադրամասում:
Թորոսյանը նշեց, որ կան դեպքեր առանձին խմբերի անհատներ, օրինակ՝ բուժաշխատողները, ում պետք է պարբերաբար թեստավորել, օրինակ՝ շաբաթը մեկ անգամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







