Հայաստանում բնակչության մասսայական թեստավորում իրականացնելու համար ֆինանսական խնդիր չկա, սակայն կա հնարավորությունների, հզորությունների զարգացման հարց: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի դիտարկմանը, որ որոշ երկրներում մասսայական թեստավորումներ են արվել, որոնք օգնում են կտրուկ նվազեցնել թիվը:
«Համաձայն եմ, բայց դա նաև հնարավորությունների հարց է, որովհետև այդ թեստավորումը բավականին բարդ պրոցես է, նաև հզորությունների հարց կա: Երեկ Առողջապահության նախարարությունը մեր խորհրդակցության ժամանակ ասում էր, որ փողը ձեռքներս թեստավորման համար անհրաժեշտ հզորություններն ավելացնելու սարքավորումներ չենք կարողանում ձեռք բերել: Փողի խնդիր չկա: Ամբողջ աշխարհում այդ ապրանքների շատ մեծ դեֆիցիտ է, և հերթի կանգնած պետք է սպասենք, որ դա ձեռք բերենք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ Հայաստանում հունիսի 11-ին արվել է 2297 թեստավորում, ոչ թե այդքան մարդու, այլ՝ այդքան թեստ:
«Սա համարյա մեր եզրային գիծն է: Համաձայն եմ դրա հետ, դա որոշումով չէ: Եթե իմանամ, որ հիմա գնամ որոշում ստորագրեմ, հաջորդ օրվանից դա տեղի կունենա, հենց հիմա ստորագրեմ, բայց ուղղակի պետք է հզորությունները զարգացնենք, ֆինանսական խնդիր չունենք»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում հունիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է ընդհանուր 77 686 թեստավորում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







