Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կրակոցից տուժած Անի Ավետիսյանի մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել, 24News-ին հայտնել է Ավետիսյանի ամուսինը:
«Վերջին օրերին Անիին վիրահատել են։ Վիրահատական միջամտության ընթացքում կատարվել է մատի անդամահատում, ինչպես նաև՝ ոտքի կրճատում»,- ասել է ամուսինը։
Ամուսնու խոսքով՝ կինը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն շարունակում է ցավեր ունենալ, պարբերաբար ցավազրկողներ է ընդունում։ Նա տեղեկացրել է, որ առաջիկա նոր վիրահատությունների մասին այս պահին դեռ վաղ է խոսել։
Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին հոկտեմբերի 1-ին մուտք էր գործել Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը և հարձակվել ընտանիքի վրա՝ երեխաների ներկայությամբ կրակելով նրանց մոր վրա, տուժել էին նաև երկու երեխան, տղան նույնպես վիրահատվել էր։ Հարազատները պատմել էին, որ Անին երեխաներին պաշտպանելիս ձեռքով փակել էր ադրբեջանցու հրազենը, որի ժամանակ էլ կրակոցից կորցրել էր ձախ ձեռքի 3 մատը։ Նա վիրավորվել էր նաև ոտքից։ Դատարանը հոկտեմբերի 2-ին Մուսաևին կալանավորել էր երկու ամսով։
Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին Ավետիսյանի վիրահատության մասին՝ չհստակեցնելով, թե քանի՞ վիրահատության է նա ենթարկվել և դեռ քանի՞սն է սպասվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







