Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կրակոցից տուժած Անի Ավետիսյանը վիրահատվել է, Armenia Today-ը տեղեկացել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանից։
Խոսնակը հայտնել է, որ վիրահատությունից հետո կնոջ վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չկա, հետվիրահատական բարդություններ նույնպես չկան։
Հարցին, թե քանի՞ վիրահատության է ենթարկվել Ավետիսյանը և դեռ քանի՞սն է սպասվում, նախարարությունից նշել են, որ փուլային բուժման ընթացքի մեջ է, և թիվ չեն կարող ասել։
Ծատրյանը նաև տեղեկացրել է, որ կնոջ երկու երեխան վաղուց դուրս են գրվել է հիվանդանոցից։
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը Շաքիում հոկտեմբերի 1-ին կրակել էր 39-ամյա Ավետիսյանին։ Ավետիսյանի հարազատները ԶԼՄ-ներին ավելի ուշ պատմել էին, որ ադրբեջանցին Ավետիսյանի երկու երեխային պատանդ էր վերցրել, իսկ Ավետիսյանը նրանց պաշտպանելիս հրազենային վնասվածք էր ստացել ոչ միայն ոտքի շրջանում, այլև կորցրել էր ձախ ձեռքի 3 մատը։
Հոկտեմբերի 3-ին նրա հարազատները հայտնել էին վիրահատության մասին, այս պահի դրությամբ պարզ չէ՝ խոսքը նո՞ւյն, թե՞ մեկ այլ վիրահատության մասին է։ Երեխաները նույնպես տուժել էին, տղան դաստակի շրջանում էր վնասվածք ստացել և վիրահատվել։
ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել, Մուսաևը երկու ամսով կալանավորել էր, նրան մեղադրանք էր առաջադրել հինգ հոդվածով։ Ադրբեջանի իրավապահ մարմինների տվյալներով՝ Մուսաևն անհետացել էր սեպտեմբերի 26-ին։ Միևնույն ժամանակ՝ դեռևս պարզ չէ, թե ե՞րբ էր նա հատել Հայաստանի սահմանը և մինչ հայ ընտանիքի վրա հարձակումը քանի՞ օր էր գտնվել Հայաստանի տարածքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







