Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի շենքում բռնկված հրդեհը հաջողվել է մարել, կա տուժած, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ուղիղ հեռարձակումը դեպքի վայրից՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում:
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։09-ին, մարվել՝ 13։54-ին։ Ըստ նախնական տվյալների՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել են հրդեհի տարածումը շինության մյուս հատվածներ և հարակից տարածքում գտնվող բենզալցակայան։
Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, Ներքին գործերի փոխնախարար Կամո Ցուցուլյանը տեղեկացրել էր, որ հրդեհի օջախը գտնվել է KFC հանրային սննդի կետում։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ հայտնել է, որ երկու փրկարար ծխահարվել է, նրանց առաջին օգնություն է ցուցաբերվել:
Նոյեմբերի 6-ին ՆԳՆ-ն տեղեկացրել էր Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի շենքում բռնկված հրդեհի մասին։ Հաղորդվել էր, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 14 հրշեջ բրիգադ:





































