Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է այն բարդությունները, որոնց բախվել են հայ բեռնատարների վարորդները Ռուսաստանում միգրացիոն նոր կանոնների պատճառով, որոնք երկրում նրանց գտնվելու ժամկետը սահմանափակում են մինչև տարեկան 90 օր:
Նրա խոսքով՝ հարցը մշակվում է Հայաստանի ու Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների՝ ՆԳՆ-ի և Տրանսպորտի նախարարության կողմից։
Հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտել նոր կանոններ, որոնց համաձայն՝ առանց վիզայի երկրների այն քաղաքացիները, ովքեր երկիր են մուտք գործում ոչ աշխատանքի համար, կարող են երկրում գտնվել տարեկան ոչ ավելի, քան 90 օր: Նախկինում առավելագույն ժամկետը 180 օր էր: Այս սահմանափակումները տարածվում են նաև բեռնատարների վարորդների վրա՝ առանց բացառությունների: ՌԴ-ում գտնվելու ժամկետների խախտումը ենթադրում է 3-10 տարվա ՌԴ մուտքի արգելք:
«Բոլորը նպատակուղղված գործում են շուտափույթ կարգավորման համար»,- հայտարարել է Զախարովան՝ հստակեցնելով, որ որոշման ժամկետներ առայժմ չի կարող նշել:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր Մոսկվային հայկական կողմի առաջարկի մասին՝ օրենքում փոփոխություններ կատարելու և հայ վարորդների կեցության ժամկետը մինչև 180 օր ավելացնելու առաջարկի մասին: Պապոյանն ասել էր, որ ռուսական գերատեսչությունները տրամադրված են հարցի լուծմանը, իսկ համապատասխան նախաձեռնությունն արդեն գտնվում է ՌԴ իրավասու մարմիններում: Նա հավելել էր, որ հոկտեմբերի 24-ին թեման կքննարկվի ԵԱՏՄ խորհրդի նիստում:
Հայաստանում բեռնատարների վարորդները բազմիցս բողոքի ակցիաներ են իրականացրել, այդ թվում՝ Վրաստանի հետ սահմանի մոտ ճանապարհներ փակելով՝ պահանջելով մեղմել միգրացիոն սահմանափակումները, որոնք խանգարում են իրենց աշխատանքին: Վերջին ակցիան տեղի էր ունեցել հոկտեմբերի 20-ին:





































