ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ-ում անդրադարձել է բեռնատարի վարորդների բողոքի ակցիային՝ հայտնելով, որ ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ կառավարությանը և առաջարկել է, որ ՌԴ ներքին օրենսդրությամբ սահմանված 90 օրը փոխարինվի 180 օրով։
Վարորդները հոկտեմբերի 20-ին երրորդ բողոքի ակցիան էին անցկացրել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ երկրում օտարերկրացիների տարեկան 90 օրով մնալու սահմանափակումը սահմանափակող օրենքը փոփոխելու համար։ Նրանք չեն բացառել բողոքի ակցիաների շարունակությունը և նույնիսկ ճանապարհների փակումը, եթե խնդիրը չլուծվի։
Պապոյանն ընդգծել է, որ արձանագրված խնդիրը քննարկվել է ՌԴ պատկան մարմինների հետ, և վերջիններս տրամադրված են հարցին տալ դրական լուծում։
«Մեր տեղեկություններով՝ այս պահին համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ՌԴ պատկան մարմիններում գտնվում է շրջանառության մեջ»,- հայտնել է Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ հոկտեմբերիկ 24-ի նիստում տեղի է ունենալու ԵՏԱՄ նիստ, որտեղ հստակություն կմտցվի տվալ հարցում։
Բեռնատարների վարորդները բողոքի ցույցեր էին անցկացրել նաև հոկտեմբերի 13-ին և 16-ին։ Պապոյանը դիմել էր ցուցարարներին և նշել, որ Հայաստանի իշխանությունները հայ փոխադրողների հարցը քննարկում են ամենաբարձր մակարդակով, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։
Հոկտեմբերի 20-ի երեկոյան բեռնատարների վարորդները փակել էին նաև Վրաստանի հետ սահմանի միջպետական ճանապարհները։ Ավելի ուշ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Հայաստան-Վրաստան սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերում երթևեկությունը վերականգնվել է։
ՌԴ միգրացիոն ծառայության տվյալներով՝ ամեն տարի առնվազն 300 հազար Հայաստանի քաղաքացի մուտք է գործում Ռուսաստան՝ աշխատելու նպատակով։
Մանրամասները՝ տեսանյութում։



































