Իսրայելական դիտորդական Կրոնական ազատությունների տվյալների կազմակերպությունն իր զեկույցում հայտնել է երկրում կրոնական ատելության հողի վրա հարձակումների շարունակական աճի մասին: Մասնավորապես, դրանց 43%-ն ուղղված է հայ քրիստոնյաների դեմ, իսկ Հայոց պատրիարքարանը կրկին դարձել է ամենաշատ թիրախավորվող վայրը։
Եռամսյակային զեկույցը վերաբերում է 2025 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածին։ Կենտրոնի տնօրեն Իսկա Հարանիի խոսքով՝ այս թվերը վերաբերում են միայն գրանցված դեպքերին, մինչդեռ իրական թիվը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի բարձր է։
Գրանցված հարձակումների թվում են՝ «թքելը, խոսքերով հարձակումները, անձնական տարածք ներխուժելը, սրբավայրերի պղծումը և վանդալիզմը», որոնք, ըստ դիտորդական կազմակերպության, հիմնականում տեղի են ունեցել Երուսաղեմի Հին քաղաքում։
«Մենք տեսնում ենք կապ ազգային տրամադրության, ներկա լարվածության և կառավարության աջակցության միջև, որոնք միասին ձևավորում են հրեաների շրջանում գերակայության զգացում՝ նպաստելով ոչ հրեաների դեմ հարձակումների աճին»,- նշված է զեկույցի եզրափակիչ հատվածում:
2023թ․ հունիսին հայտնի էր դարձել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի մի մասի՝ 99 տարով վարձակալության հանձնման մասին «առեղծվածային հրեական ծագումով ավստրալիացի գործարարին՝ էլիտար շինարարության համար»։ Երուսաղեմի հայ համայնքը 2024թ․ փետրվարի 18-ին դատարան էր ներկայացրել հայց՝ վարձակալության պայմանագիրը չեղյալ հայտարարելու պահանջով։
Օգոստոսին հայկական կազմակերպություններն զգուշացրել էին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի՝ Xana Gardens-ի հետ նոր գործարք կնքելու մասին` գաղտնի, առանց համայնքի հավանության և հրապարակված միայն մասամբ։ Սեպտեմբերին Իսրայելի կառավարությունը վերսկսել էր Երուսաղեմի հայկական եկեղեցու սեփականության վրա քաղաքային հարկեր սահմանելու փորձը։ Իսրայելցի 20 հայտնի գիտնականներ, իրավաբաններ և մշակութային գործիչներ դատապարտել էին Երուսաղեմի հայկական թաղամասում վերջին զարգացումները և լիակատար աջակցություն հայտնել հայ համայնքի պայքարին՝ պաշտպանելու իր ժառանգությունն ու ներկայությունը Սուրբ քաղաքում։




































