Իսրայելի կառավարությունը վերսկսել է Երուսաղեմի հայկական եկեղեցու սեփականության վրա քաղաքային հարկեր (Արնոնա) սահմանելու փորձը, հայտնել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Գեղամ Բալյանը՝ հրապարակելով Երուսաղեմի Հայոց պատրիարքության հայտարարությունը։
Հայոց պատրիարքարանը դատապարտել է որոշումը և այն անվանել «անարդար և անընդունելի»։ Հայտարարության մեջ նշվում է, որ հարկային պահանջների վերաբերյալ հետաձգված վարչական լսումը տեղափոխվել է սեպտեմբերի 29-ին։
Փետրվարին պատրիարքարանը տեղեկացվել էր, որ լսումը չեղարկվել է, ինչը հույս էր ներշնչել, որ հարցը կուղղվի ազգային անվտանգության խորհրդական Ցաչի Հանեգբիի նախագահությամբ կառավարական հանձնաժողովին։ 2018 թվականին ստեղծված կոմիտեն նախատեսված է նման հարցերը երկխոսության միջոցով լուծելու համար, այլ ոչ թե դատական գործընթացների միջոցով։
«Պատրիարքարանն անկեղծորեն վստահել է այս գործընթացին և ողջունել կոմիտեի միջոցով երկխոսությունը։ Հետևաբար, հիասթափությամբ և մտահոգությամբ այժմ բախվում ենք լսումների նոր ամսաթվի, մինչդեռ վեճը դեռևս չի վերահասցեագրվել համապատասխան կառավարական մարմիններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պատրիարքարանն զգուշացրել է, որ դատական գործընթացների վերսկսումը «հակասում է նախկին հավաստիացումներին և խաթարում է իշխանությունների անկեղծության նկատմամբ վստահությունը»։ Պատրիարքարանը պնդում է նաև, որ Արնոնայի վեճը պետք է լուծվի Իսրայելի կառավարության և քրիստոնեական համայնքների ղեկավարների միջև համաձայնեցված շրջանակի միջոցով։
Պատրիարքարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Ներքին գործերի նախարար Մոշե Արբելին և Հանեգբիին կոչ է արել դադարեցնել դատավարությունը, սառեցնել սեպտեմբերի 29-ի լսումները և վերականգնել կոմիտեի լիազորությունները։
2023թ․ հունիսին հայտնի էր դարձել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի մի մասի՝ 99 տարով վարձակալության հանձնման մասին «առեղծվածային հրեական ծագումով ավստրալիացի գործարարին՝ էլիտար շինարարության համար»։ Երուսաղեմի հայ համայնքը 2024թ․ փետրվարի 18-ին դատարան էր ներկայացրել հայց՝ վարձակալության պայմանագիրը չեղյալ հայտարարելու պահանջով։
Օգոստոսին հայկական կազմակերպություններն զգուշացրել էին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի՝ Xana Gardens-ի հետ նոր գործարք կնքելու մասին։ Համայնքի տվյալներով՝ պատրիարքարանի և Xana Gardens-ի միջև պատրաստվում է երկրորդ համաձայնագիր՝ կնքված գաղտնի, առանց համայնքի հավանության և հրապարակված միայն մասամբ։





































