Երևանում ժամը 14։00-ի դրությամբ օդի որակն ընդունելի սահմանում է, սակայն օդի աղտոտվածության նկատմամբ հատուկ զգայունություն ունեցող մարդկանց խմբերի համար այն կարող է ռիսկային լինել, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«14։00-ի դրությամբ՝ Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը PM2.5-ի համար կազմել է 85.9, ինչը գտնվում է չափավոր միջակայքում։ Օդի որակն այս միջակայքում համարվում է ընդունելի»,- նշել է նա:
Հոկտեմբերի 11-ին՝ ավելի վաղ, քաղաքապետը նախազգուշացրել էր օդի աղտոտվածության մասին և կոչ արել մարդկանց սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը: Ավինյանը նշել էր, որ աղտոտվածության ցուցանիշը 105 է, և զգայուն խմբերի մարդկանց համար գտնվում է վտանգավոր տիրույթում: Հոկտեմբերի 10-ի գիշերը Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել, որն ավելի ուշ մարվել էր: Ավինյանը հայտարարել էր, որ աղբանոցում բռնկված հրդեհը ոչ թե պատահականություն էր, այլ դիտավորյալ հրկիզում: Նույն օրն աշխատանքից ազատվել էր «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարը:
Աղբավայրում հրդեհ էր բռնկվել նաև օգոստոսի 8-ին, շարունակվել մի քանի օր: Երկրորդ հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 15-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







