Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Նուբարաշենի աղբավայրում կեսգիշերից բռնկված հրդեհը «դիտավորություն» է անվանել։
Քաղաքապետը տեսաուղերձում նշել է, որ «հրդեհի հեղինակներն անպատիժ չեն մնա»։ Ավինյանի խոսքով՝ աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմները խստացվել են։
«Այս դեպքը պատահական չէր։ Արդեն խոսել եմ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ներքին գործերի նախարարի հետ։ Հրդեհի հետ որևէ կապ ունեցող անձ օրենքի ամբողջ խստությամբ կենթարկվի պատասխանատվության։ Երաշխավորում եմ, որ այս դեպքը չի կարող անպատասխան մնալ»,- հայտարարել է Ավինյանը։
Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ հրդեհը մարվել է։
«Մինչև հիմա ծխացող վերջին հատվածների չեզոքացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- հավելել է նա։
Ավինյանն ընդգծել է, որ քաղաքապետարանում մշակել են կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը և 2025-ին մրցույթի առաջին փուլի մասին են հայտարարելու։
«Սա է այն համակարգային լուծումը, որը մեկընդմիշտ փակելու է Նուբարաշենի աղբավայրի էջը։ Քաղաքի համար սա և՛ բնապահպանական, և՛ անվտանգային հարց է։ Մենք վերջ ենք տալու այս պրակտիկային, որը շուրջ 75 տարի վտանգել է բոլորիս առողջությունը և քաղաքի բնականոն միջավայրը։ Երևանը ունենալու է մաքուր, անվտանգ և վերահսկվող թափոնների կառավարում»,- եզրափակել է քաղաքապետը։
Հոկտեմբերի 10-ին Armenia Today-ին քաղաքապետարանից հայտնել էին, որ կեսգիշերից բռնկված հրդեհի հիմնական մասը մարվել է։ Այն վերջին երեք ամսում աղբավայրում բռնկված 3-րդ հրդեհն է։ Աղբավայրում հրդեհ էր բռնկվել նաև օգոստոսի 8-ի գիշերվանից, հրդեհաշիջման աշխատանքներն սկսվել էին օգոստոսի 9-ից, շարունակվել մի քանի օր: Երկրորդ հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 15-ին։





































