Օգոստոսի 8-ի գիշերվանից Նուբարաշենի աղբավայրում Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները, Armenia Today-ին հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ այս պահի դրությամբ աշխտանանքերին մասնակցում է 6 մարտական հաշվարկ, 30 փրկարարական ծառայող։
Նշենք, որ հրդեհից առաջացած ծուխը դեռ տեսանելի է հատկապես Նուբարաշեն և Էրեբունի համայնքներում։ Բնակիչներն ահազանգել են, որ համայնքներում դեռ այրված աղբի հոտ է գալիս, և շատերը ստիպված շոգին փակել են բնակարանների պատուհանները։
Քաղաքապետարանից մանրամասնել են, որ աղբավայրում բռնկված հրդեհից հետո ՆԳՆ-ն ու քաղաքապետարանը փորձում են մարել հրդեհից առաջացած ծուխը՝ իրականացնելով հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ։
«Քաղաքապետարանի ենթակա կառույցներն ու մասնագիտացված ստորաբաժանումները գործում են շուրջօրյա հերթապահության ռեժիմով՝ ապահովելով տարածքի մշտական մոնիթորինգ և վերահսկողություն՝ կրկնակի բռնկումներ բացառելու համար»,- հավելել են քաղաքապետարանից։
























