Երևան քաղաքում աղմուկի թույլատրելի սահմանաչափը գերազանցելու դեպքում տնտեսվարողների գործունեությունը կարող է կասեցվել, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ի՞նչ աշխատանք են իրականացնում մայրաքաղաքում աղմուկը նվազեցնելու համար։
«Աղմուկը վերահսկելու հիմնական գործառույթն առողջապահական տեսչական մարմնինն է, և նրանք ունեն համապատասխան սարքեր, բայց Երևանի ՏԻՄ նոր օրենքի նախագծում ունենք հնարավորություն որոշ դեպքերում՝ մասնավորապես այն հատվածներում, որտեղից բողոքներն ավելի շատ են, համապատասխան սարքեր տեղադրելու և չափումներ իրակացնելու»,- պարզաբանել է Ավինյանը։
Ըստ նրա՝ չափումները հաստատվելու դեպքում քաղաքապետարանը հնարավորություն կունենա ոչ միայն տուգանել, այլև որոշ դեպքերւմ տվյալ տնտեսվարողների գործունեությունը կասեցնել։
Սեպտեմբերի 11-ին ԱԺ-ն ընդունել էր բարձր երաժշտություն միացնող վարորդներին տուգանելու նախագիծ, որի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է։ Նախագծում նշվում է, որ այն վարորդները, ովքեր իրենց մեքենաների վրա տեղադրում են լրացուցիչ ձայնային ուժեղացուցիչներ կամ «սպորտային» խլացուցիչներ, կտուգանվեն: Տուգանքը կկազմի աշխատավարձի 10-ապատիկի չափը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







