Ազգային ժողովն ընդունել է բարձր երաժշտություն միացնող վարորդներին տուգանելու և բալային համակարգով նրանցից 2 միավոր հանելու նախագիծը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից նախագծի ստորագրման դեպքում այն վարորդները, որոնք իրենց մեքենաների վրա տեղադրում են լրացուցիչ ձայնային ուժեղացուցիչներ կամ «սպորտային» խլացուցիչներ, կտուգանվեն աշխատավարձի տասնապատիկի չափով։
Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են վերաբերվում այս նախագծին, արդյոք այն կարո՞ղ է նպաստել քաղաքում աղմուկի խնդրի լուծմանը:
Հարցվածների մեծամասնությունն ասաց, որ բարձր երաժշտություն միացնող վարորդներին տուգանելու որոշմանը կողմ են, քանի որ աղմուկը շատ է, խանգարում է բնակիչներին և անցորդներին, ըստ նրանց՝ տհաճ է նաև անճաշակ երաժշտությունը։
«Շատ լավ կարծիքի եմ, քանի որ կենտրոնում ուղեղներն անջատում, իրենց երաժշտությամբ խանգարում են։ Մնում է՝ վերահսկեն և տուգանեն»,- ասաց մի տղամարդ։
Քաղաքացիներից ոմանք էլ նշեցին, որ նորմալ է բարձր երգ լսելը, քանի որ գուցե այդ պահին վարորդների տրամադրությունը բարձր է․ «Մարդ կա, տրամադրությունը բարձր է, թող լավ տրամադրությամբ քշի մեքենան»։
Որոշներն էլ ասացին, որ չեն նկատել բարձր երաժշտություն լսող վարորդների։
Մանրամասները՝ տեսանյութում։




































