«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը մեկնաբանել է ՀԷՑ-ի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Ստոկհոլմի միջազգային արբիտրաժային դատարանի որոշման մասով։
Փաշինյանը, արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե կառավարությունից արձանագրվել է դիրքորոշում, համաձայն որի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է, նշել է, որ «ով նման դիրքորոշում է հայտնել, թող դիմում գրի՝ գնա»։
«Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող կարծիք ունենալ»,- պնդել է Փաշինյանը։
Կարապետյանը նշել է, որ նման հայտարարությունը հնարավորություն է տալիս արբիտրաժային դատարանում իրենց վերջնական հաղթանակն անխուսափելի դարձնել։
Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին ՀԷՑ-ի շահերը պաշտպանող իրավաբանական թիմի անունից։
ՀՀ ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները հունիսի 17-ին խուզարկություններ էին սկսել Կարապետյանի տանը՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների գործողությունները քննադատելուց հետո։ Հունիսի 18-ից Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։
Ավելի վաղ Կարապետյանը դատական հայց էր ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և դրա նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի դեմ՝ պահանջելով անօրինական ճանաչել կարգավորող մարմնի՝ ընկերության դեմ վարչական վարույթ սկսելու որոշումը։
Հուլիսի 8-ին իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել ՀԷՑ-ում և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։
Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հուլիսի 23-ին հայտնել էր, որ նա և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը ՀԷՑ ընկերության պետականացման հարցով: Կառավարությունն արձագանքել էր այս լուրին՝ նշելով, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները:



































