Կանադացի պատգամավոր, Կանադայի արտաքին գործերի նախարարի քարտուղար Ռոբերտ Օլիֆանտը իր մտահոգությունն է հայտնել եկեղեցու շուրջ իշխանությունների գործողությունների, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորման վերաբերյալ։
«Հայաստանում առկա իրավիճակը, այդ թվում՝ հոգևորականներ Բագրատի և Միքայելի ձերբակալությունը, Սուրբ Աստվածածնի հանդեպ ատելության աճը և այլն, խիստ մտահոգիչ է: Կանադան գնահատում է Հայաստանի հետ իր գործընկերությունը, ժողովրդավարական կառավարման նկատմամբ ընդհանուր հավատքի, մարդու իրավունքների և իրավական նորմերի անկողմնակալ կիրառման վրա հիմնված հարաբերությունները»,- X-ում գրել է պաշտոնյան։
Նա ընդգծել է, որ որ Կանադան շարունակում է վստահ լինել, որ Հայաստանի իշխանությունները կգործեն այնպես, որպեսզի ապահովեն նշված սկզբունքների պահպանումը։
«Աշխարհի այս տարածաշրջանում աճող անկայունության ժամանակ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացն առավել քան երբևէ կարևոր է ժողովրդի և ընդհանրապես տարածաշրջանի համար», եզրափակել է նա։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Գալստանյանին, ինչպես նաև նրա առաջնորդած ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 14 աջակցի՝ ահաբեկչության և պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեղադրանքով։ Հունիսի 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Աջապահյանին՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Կալանավորվածները չեն ընդունում մեղադրանքը:





































