ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ցավակցություն է հայտնել լուսանկարիչ Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին և հարազատներին, ընկերներին և նրա արվեստը գնահատող հազարավոր մարդկանց՝ վերջինիս մահվան կապակցությամբ։
«Խորը վշտով տեղեկացա մեր լավ ընկեր, հայտնի լուսանկարիչ-վավերագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին։ Գերմանի հեռանալով մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն, սրտացավ քաղաքացի և ուրույն ձեռագրով լուսանկարիչ։ Նա պատմության վավերագրողն էր, և հետագա սերունդները նորանկախ Հայաստանի մասին իմանալու են նաև Գերմանի լուսանկարներից։ Լույս իջնի շիրիմիդ, սիրելի Գերման»,-նշել է Հակոբյանը։
Հիշեցնենք, որ կյանքի 58-րդ տարում հանկարծամահ է եղել լուսանկարիչ, ֆոտոլրագրող Գերման Ավագյանը: Ավագյանը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 12-ին Վրաստանում, 1974-1978 թվականներին բնակվել է Գերմանիայում: 1979-1980 թվականներին սովորել է Բելառուսիայի Շուչին քաղաքում, 1980-1985 թվականներին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1989 թվականից որպես ազատ լուսանկարիչ համագործակցել է տարբեր պարբերականների հետ։
Նա լուսանկարներ է ստեղծել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի օրացույցի համար, Բաց հասարակության ինստիտուտի Վերսուս ստուդիայի հետ համատեղ ստեղծել «Արվեստը հայկական կալանավայրերում» օրացույցը:
Լուսանկարներում Գերման Ավագյանն անդրադառնում է սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







