Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսությունում արձանագրված խոզերի անկման պատճառը, եղել են անաերոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները, որոնք լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել էին վերցված նմուշներում: Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի մասնագետները փորձանմուշներ էին վերցրել նաև խոզերի կերերից: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ դրանցում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր:
Նշվում է, որ արձանագրվել է Աքորի գյուղի երեք տնտեսություններում առկա խոզերի ամբողջ գլխաքանակի՝ 165 գլուխ խոզի անկում:
Խոզի կերի փորձանմուշների արդյունքները ստանալուն պես ձեռնարկվել են վերահսկողական աշխատանքներ՝ հետագծելիությամբ դրա ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Արդյունքները կներկայացվեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







