Հայաստանն առաջադրել է թեկնածությունը 2029 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 34-րդ համաժողովը՝ COP34-ը, հյուրընկալելու համար, նոյեմբերի 13-ին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Հայաստանի թեկնածությունն ու COP34-ը հյուրընկալելու պատրաստակամությունը ներկայացրել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլի հետ հանդիպման ընթացքում՝ COP31-ի շրջանակում։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանում անցկացված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) արդյունքներին, ինչպես նաև համաժողովի կազմակերպման և բազմակողմ բանակցությունների անցկացման գործում Հայաստանի ձեռք բերած փորձին։
Մաթևոսյանի խոսքով՝ COP34-ի հյուրընկալումը Հայաստանին հնարավորություն կտա իր ներդրումն ունենալ կլիմայի փոփոխության դեմ միջազգային ջանքերում։ Նա ընդգծել է կլիմայի փոփոխության մեղմման, դրա հետևանքներին հարմարվելու և կլիմայական ֆինանսավորման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով լեռնային երկրների խոցելիությանն ու կարիքներին։
Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի թեկնածության առաջմղմանն ուղղված հետագա քայլերը և վերահաստատել երկրի պատրաստակամությունը՝ համագործակցելու Արևելաեվրոպական խմբի անդամ պետությունների և կոնվենցիայի քարտուղարության հետ։
Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Երևանում անցկացվել է հոկտեմբերի 19-31-ը։ Համաժողովի մասնակիցներն ընդունել են շուրջ 50 որոշում և համաձայնեցրել «Երևանյան ուղին»՝ մինչև 2030 թվականը բնության պահպանությանն ուղղված միջոցառումների արագացման ծրագիրը։ Կոնվենցիայի քարտուղարությունը հայտնել է նաև կենսաբազմազանության պահպանման համար գրեթե 2 մլրդ դոլարի նոր ֆինանսավորման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







