Էջմիածնում երկու ընկերուհիների միջև վիճաբանության ընթացքում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով վնասվածք է պատճառել ընկերուհուն, հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը։
Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։40-ին, ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ աղջիկ է վնասվածք ստացել։
Նախնական տեղեկություններով՝ երկու ընկերուհիների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով քերծվածքի տեսքով վնասվածք է պատճառել ընկերուհուն։
Վնասվածք ստացած աղջկա առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Նա ստացել է առաջնային բուժօգնություն։
Նշվում է, որ իրավապահները պարզել են վնասվածքը պատճառելու մեջ կասկածվող աղջկա ինքնությունը և հայտնաբերել նրան։
Shamshyan.com-ի տվյալներով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Էջմիածնի Մաշտոցի փողոցում։ Կայքը գրում է, որ աղջիկներից մեկը դանակով հարվածել է մյուսին, ինչի հետևանքով վերջինս որովայնի շրջանում վնասվածքով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Լրատվամիջոցը նաև հայտնել էր, որ միջադեպից հետո վնասվածքը պատճառելու մեջ կասկածվող աղջիկը հեռացել է դեպքի վայրից, իսկ ոստիկանները կապ են հաստատել նրա հարազատների հետ՝ ոստիկանություն ներկայանալու հարցով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







