Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չէին տվել Մոսկվա մուտք գործել, և դա կազմակերպել է ադրբեջանցի օլիգարխ Գոդ Նիսանովը, գրում է 24News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«ՌԴ իրավապահները գտել էին նրա բիզնես հետաքրքրությունները Սոչիի հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոն) հետ, որը գտնվում է հետախուզման մեջ միլիարդավոր ռուբլիների հասնող քրեական գործերի շրջանակում, սակայն Ալեքսանյանի ու Ռոբսոնի բիզնես կապն ընդամենը առիթ էր, իրական պատճառն այլ է»,- գրում է լրատվամիջոցը:
Ըստ կայքի՝ Ալեքսանյանը փորձել է իր գյուղատնտեսական ապրանքը մատակարարել Մոսկվայում հայտնի Food city մեծածախ կենտրոն, որը պատկանում է ՌԴ-ում բնակվող ու ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովին: Վերջինս հայտնի է ՌԴ ուժային շրջանակներում իր ահռելի կապերով ու ազդեցությամբ:
Իմանալով, որ Ալեքսանյանը փորձում է մատակարարել իր բազաներ գյուղատնտեսական ապրանք, նա «խնդրել է» ՌԴ իրավապահ համակարգի իր մտերիմներին գտնել առիթ՝ Ալեքսանյանի մուտքը երկիր արգելելու համար, որից հետո էլ իբրև ֆորմալ առիթ «հայտնաբերել են» նրա ու Ռոբսոնի բիզնես կապերը, գրում է կայքը։
Հոկտեմբերի 20-ին «Հրապարակ»-ը գրել էր, որ Ալեքսանյանին արգելել են երկակի նշանակության ապրանք արտահանել ՌԴ։ Կառավարության կողմից մերժում էր ստացել պատճառաբանությամբ՝ Արևմուտքը կիմանա, կզայրանա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







