MPG ընկերության հարցման մասնակիցների 63,2%-ը բացասական է գնահատել Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ միջադեպին Հայաստանի կառավարության և պատասխանատու պետական մարմինների արձագանքը։ Հետազոտության արդյունքները ներկայացրել է ընկերության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։
Հարցվածների 50%-ն իշխանությունների արձագանքը գնահատել է լիովին բացասական, 13,2%-ը՝ ավելի շուտ բացասական։ Դրական գնահատական է տվել 20,3%-ը, որից 9,2%-ը՝ լիովին դրական, 11,1%-ը՝ ավելի շուտ դրական։
Միաժամանակ, հարցվածների 92,9%-ը դրական է գնահատել ադրբեջանցի զինծառայողին դիմադրություն ցույց տված կնոջ գործողությունները։ Նրանցից 86,6%-ը տվել է լիովին դրական, 6,3%-ը՝ ավելի շուտ դրական գնահատական։ Բացասական է արտահայտվել 2,8%-ը։
Հետազոտության համաձայն՝ հարցվածների 75,1%-ն իրեն անվտանգ է զգում իր բնակավայրում, այդ թվում՝ 55,1%-ը՝ լիովին անվտանգ, 20%-ը՝ ավելի շուտ անվտանգ։ Անապահով է զգում իրեն 24,3%-ը, որից 9%-ը՝ ավելի շուտ անապահով, 15,3%-ը՝ լիովին անապահով։
Շաքիի միջադեպի մասին մանրամասն տեղյակ է հարցվածների 49,8%-ը, ևս 36,8%-ը՝ որոշ չափով։ Հարցվածների 10,8%-ը լսել է միջադեպի մասին, սակայն մանրամասներին չի տիրապետում, իսկ 2,7%-ն առաջին անգամ է լսել տեղի ունեցածի մասին։
MPG-ն հեռախոսային հարցումն անցկացրել է հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը՝ Հայաստանի տարածքում։ Մասնակցել է 1001 մարդ։ Ընկերության տվյալներով՝ ընտրանքային սխալը կազմում է ±3 տոկոսային կետ։
Հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի հատել էր Հայաստանի սահմանը, ներխուժել Շաքի գյուղի բնակելի տներից մեկը և, ըստ նախաքննության տվյալների, երեխաների ներկայությամբ կրակել տան բնակչուհու՝ Անի Ավետիսյանի վրա։ Կինը և նրա երկու երեխաները վնասվածքներ էին ստացել։ Դատարանը հոկտեմբերի 2-ին Մուսաևին երկու ամսով կալանավորել էր։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով։
Քննչական կոմիտեն հոկտեմբերի 12-ին Armenia Today-ին հայտնել էր, որ Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել։
Ավետիսյանը նախկինում հայտարարել էր, որ դիմադրություն է ցույց տվել զինված զինծառայողին՝ պաշտպանելով իր երեխաներին։ Նա նաև քննադատել էր իրավապահ մարմիններին՝ սպառնալիքի մասին նախապես չզգուշացնելու և, իր խոսքով, ոստիկանության ուշացած արձագանքի համար։
Ներքին գործերի նախարարությունից հոկտեմբերի 13-ին Armenia Today-ին հայտնել էին, որ համայնքային ոստիկանը դեպքի վայր է հասել Ավետիսյանի զանգից տասը րոպե էլ չանցած՝ հերքելով ուշ արձագանքելու մասին նրա պնդումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում տեղի ունեցածն անվանել էր «սովորական կրիմինալ իրավիճակ»՝ հայտարարելով, որ եթե կինը սպասեր ոստիկանության ժամանելուն, մեծ հավանականությամբ հնարավոր կլիներ խուսափել տեղի ունեցածից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







