Նիդերլանդներից Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել «Բելավիա» ընկերության՝ մարտի 29-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ -Երևան չվերթից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
Հայաստան վերադառնալ ցանկացողները տոմսերը կարող են ամրագրել ավիաընկերության կայքում՝ belavia.by։
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ մարտի 27-ից արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև չվերթները դեպի Ամստերդամ և Երևան»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է «Բելավիա» ընկերության ներկայացուցչության հետ և պատրաստ է աջակցել տեղեր ամրագրելու հարցում՝ դրանց առկայության պարագայում։
Նշենք, որ Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցնում է կանոնավոր և չարտերային միջազգային օդային հաղորդակցությունը: Բացառություններ կկազմեն այն թռիչքները, որոնք կապված կլինեն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տարբեր երկրներից ՌԴ քաղաքացիների դուրս բերման հետ: Դրանք կիրականացվեն ՌԴ կառավարության առանձին որոշումներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







