Շրջակա միջավայրի նախարարությունում կադրային ջարդ չկա։ Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության և տեղեկատվության վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը։
Նա վստահեցրեց, որ նախարարության աշխատանքն ընթանում է առավել արդյունավետ կազմակերպման և որակյալ կադրերի ներգրավման սկզբունքով. այս պահին կադրային փոփոխություններ են տեղի ունենում։
«Ինչ-որ ծայրահեղ կամ խորքային գործընթացներ տեղի չեն ունենում, սրանք սովորական աշխատանքային ռեժիմով տեղի ունեցող գործընթացներ են»,- հավելեց նախարարության ներկայացուցիչը։
Անդրադառնալով փոխնախարար Վահե Ջիլավյանի պաշտոնից ազատման լուրին՝ նշեց, որ այս պահին դիտարկվում է նրան համակարգում մեկ այլ աշխատանք առաջարկելու հարցը։ Դավիթ Գրիգորյանը մանրամասնեց, որ մոտ օրերս պարզ կլինի, թե Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալն ինչ դիրք է զբաղեցնելու նախարարությունում կամ պետական ապարատի հարակից այլ կառույցներում։
Նախարարի մամուլի քարտուղարի տեղեկացմամբ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում խորքային կադրային փոփոխություններ են տեղի ունենում։
Հիշեցնենք՝ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելուն պես սկսել է կադրային ջարդը՝ հատկապես անտառի ոլորտում։ Նա իր մոտ է կանչել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանին և կարգադրել՝ փոխել բոլոր մասնաճյուղերի տնօրեններին։ Թերթի հրապարակման համաձայն՝ Վահե Մացակյանն ազատման դիմում է գրել, բայց այն դեռ չի ստորագրվել։
Հ․ Գ․ Ուշագրավն այն է, որ երեկ ԱԱԾ-ն «Սևքար» անտառտնտեսությունում
կոռուպցիայի և ապօրինի ծառահատման դեպքերի բացահայտման մասին հաղորդագրություն էր տարածել։ Չի բացառվում, որ ապօրինի ծառահատման դեպքերի հետ կապված էլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կադրային փոփոխություններ են սպասվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







