«Ժողովուրդ» օրաթերթ
- ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ, Երեւանի Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը որոշել է միանալ «Սասնա ծռեր» նորաբաց կուսակցության թիմին: Ավելին, ըստ թերթի տեղեկությունների՝ Դարբինյանը համաձայնել է դառնալ նրանց քաղաքական առաջնորդը, թիմ հավաքել ու առաջիկայում ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել նախ Արմեն Դարբինյանից, որը տարակուսելի մեկնաբանություն է տվել. «Հաջողություններ եմ ցանկանում Ձեզ ամենայն… Կարդացե՛ք իմ բանաստեղծությունները, դրանք ավելի հետաքրքիր են»: Փորձեցինք այս հարցի առնչությամբ զրուցել նաեւ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի հետ, որը նշեց. «Եղել է հրապարակային բնույթի առաջարկություն պարոն Դարբինյանի կողմից հոդվածի եւ հարցազրույցի տեսքով, որ Սահմանադրական խորհուրդ ձեւավորելու կարիք կա, եւ դա կարող է առողջ ուժերի համախմբման ձեւաչափերից մեկը լինել, հիմա ես բառացի չեմ հիշում: Եվ մենք էլ մեր խորհրդաժողովի ժամանակ դրական ենք վերաբերվել այդ առաջարկին եւ դրական վերաբերմունք ենք արտահայտել, որ, այո՛, ընդունելի է նման մոտեցումը, հնարավոր ենք համարում, որ այդ գաղափարի շուրջ համախմբում լինի»:
Ըստ Ավետիսյանի՝ եղել է ընդհանուր գաղափար Դարբինյանի կողմից՝ համախմբում ինչ-որ գաղափարների շուրջ, որին իրենք ընդհանուր դրական են վերաբերվում, քանի որ, իրենց կարծիքով, այդ զարգացումները առողջ ուժերի, գործիչների համախմբման հարթակ կարող է դառնալ»:
- «Ժողովուրդ» օրաթերթին «Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման հրապարակումից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այս գործով: Թերթի տեղեկություններով՝ չորս երկիր հարցում է ուղարկվել, սակայն մինչեւ հիմա դեռ պատասխան չկա որեւէ երկրից: Ավելին, թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեից զանգահարել են նշված երկրների իրավապահ մարմիններին եւ խնդրել, որպեսզի հարցմանը պատասխանեն, սակայն այդպես էլ չեն պատասխանել: «Անգամ այլ ուժային կառույցներից են «գործին խառնվել», բայց դարձյալ որեւէ տեղաշարժ չկա: Ոչ մի երկրից չեն պատասխանել մեր հարցումներին»,-գրել է թերթը։
«Հրապարակ» օրաթերթ
- Ըստ օրաթերթի՝ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն այս օրերին ակտիվորեն զբաղված է Գերագույն դատարանի գաղափարի լոբբինգով: Տարբեր տեղեր հարցազրույցներ է տալիս ու ողջունում իշխանությունների այս պրոբլեմատիկ նախաձեռնությունը: Թերթին ասել են, որ Մանուկյանը հույս ունի իրականացնել իր վաղեմի երազանքը` դառնալ Գերագույն դատարանի նախագահ։ Վերջինս հաստատել է, որ ինքն այդ գաղափարի ջատագովն է եղել շատ վաղուցվանից, և դա ոչ թե լոբբինգ է, այլ իր համոզմունքների արտահայտումը։
- Թերթը օրեր առաջ գրել էր, որ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելուն պես սկսել է կադրային ջարդը, հատկապես՝ անտառի ոլորտում։ Նա իր մոտ է կանչել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանին և կարգադրել` փոխել բոլոր մասնաճյուղերի տնօրեններին։
«Վերջինս արձակուրդ է վերցրել, հավանաբար՝ հույսով, որ մինչ վերադառնալը նախարարը խելքի եկած կլինի և կգիտակցի, որ ոլորտում նման կոտորածը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել, սակայն, պարզվեց, փոքրիկ նախարարը մեծ եռանդ ունի. երեկ տեղեկացանք, որ նա առաջարկել է դիմում գրել նաև ՊՈԱԿ-ի տնօրենին, ով ընդամենը 2 ամիս առաջ էր քաղծառայության մրցույթով նշանակվել այս պաշտոնին։ Մացակյանն ազատման դիմումը գրել է»,-գրել է նախարարը։
Թերթի հետ զրույցում վերջինս նշել է. «Այո, գրել եմ, բայց հրամանը ստորագրված չէ, կստորագրվի, ես կազատվեմ ու ինչքան պետք է՝ հարցազրույց կտամ»։ Հարցին՝ ո՞վ է ասել, որ գրեք, ասաց՝ ոչ ոք չի ասել, իր ցանկությամբ է գրել։ Ինչ-որ խնդիրնե՞ր են եղել նախարարի հետ։ «Դե, մի քիչ հա՛մ առողջական խնդիրներ կան, հա՛մ մի քիչ ներքին խնդիրներ, ասում եմ՝ հրամանը կստորագրվի, ես Ձեզ խոսք եմ տալիս՝ երկար հարցազրույց կտամ»։
«Իրատես» օրաթերթ
- Ըստ թերթի՝ Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը ակտիվ պայքարի քաղաքական սցենար են մշակել։ Աշխատելու են բոլոր ուղղություններով եւ հանրության բոլոր շերտերի հետ։ Կարեւոր դեր է վերապահված երիտասարդներին։ «Ասում են նաեւ, թե «Երիտասարդների ձայնը» քաղաքացիական նախաձեռնությունը, որի ստեղծման մասին օրերս բարձրաձայնեց «Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական առաջիկա գործունեության երիտասարդական թեւն է դառնալու»,-գրում է թերթը։
«Փաստ» օրաթերթ
- Թերթի տեղեկություններով՝ նախօրեին Արցախի ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հնչեցրած որոշ հայտարարություններ նոր կրքեր են բորբոքել։
Առաջին հերթին Արցախում բավական խնդրահարույց են համարում Բաբայանի այն հայտարարությունը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր լիազորությունների մի մասը գաղտնի հրամանով փոխանցել է իրեն եւ իր կառույցին։
Ըստ մասնագետների, սա նախ՝ սահմանադրական առումով է մեծ թվով հարցեր առաջացնում, երկրորդ՝ քաղաքական առումով նոնսենս է։
Արցախցիներն իրենց քվեն տվել են անձի, որը, ըստ Բաբայանի, նախագահի իր լիազորությունների մի մասը փոխանցել է ԱԽ քարտուղարին։ Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, այս հայտարարությունը շոկային է եղել նաեւ Հարությունյանի թիմակիցների համար, որոնք տեւական ժամանակ է՝ խոսում են երկրում կառավարման համակարգի նոր խափանումների մասին։
Թերթի զրուցակիցներից մեկը նշեց, որ ԱԺ-ում կայացած հանդիպումը պարզորոշ ցույց տվեց, որ միգուցե Արցախի նախագահն ու ԱԽ քարտուղարը որոշ սկզբունքային հարցերի առումով տարաձայնություններ չունեն, սակայն առկա խնդիրները լուծելու եւ դրանց պատկերացումների վերաբերյալ դիրքորոշումների ահռելի տարբերություն կա:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



