Հայաստանում նախատեսվում է վճարովի դարձնել ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկությունը 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների համար: «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների և լրացումների նախագիծը պատրաստել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, որը հրապարակվել է e-draft.am կայքում։
Օրինագծով նախատեսվում է, որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկությունն անվճար է, բացառությամբ 12 և ավելի տոննա առավելագույն զանգված ունեցող տրանսպորտային միջոցների: Բացառություն է արվում նաև պետական-մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակներում նախագծված, կառուցված և վերանորոգված ճանապարհների համար՝ նշված գործընկերության պայմանագրով սահմանված դեպքերում։
Նշվում է, որ վճարումները կիրականացվեն նշված զանգվածով տրանսպորտային միջոցների վարորդների կողմից։ Ընդ որում՝ վճարը գանձվում է ինչպես այն դեպքում, եթե մեքենան գրանցված է Հայաստանում, այնպես էլ նշված գրանցման բացակայության դեպքում: Վճարը նախատեսվում է սահմանել մինչև 50 դրամ՝ յուրաքանչյուր կիլոմետրի համար։ Վճարի չափը յուրաքանչյուր տարի սահմանելու է ՀՀ կառավարությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







