Աշխարհում կա 100-ից ավել պատվաստանյութի թեկնածու, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, Կառավարության նիստում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ավելի հավանական է, որ 20-ը կդառնան վերջնական։ Պատվաստանյութերը երեք փուլով են հետազոտվում՝ քիչ թվով անձանց վրա, հետո մոտ հարյուր, հետո տասնյակ հազարների: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ լինելու է մի քանի պատվաստանյութ: Սա շատ կարևոր է երկրագնդի ամբողջ բնակչության համար»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ ասաց, որ հիմա բանակցություններ են վարվում երկու ուղղություններով, առաջինն ուղիղ արտադրողներն են.
«Ես ինքս անձամբ եմ բանակցությունները վարում: Օրինակ երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության ներկայացուցչի հետ, որը կապ ունի Նուբար Աֆեյանի հետ: Այդ պատվաստանյութն ամենահավանական թեկնածուներից մեկն է։ Բանակցություններ կան նաև ԱՀԿ-ի, ԳԱՎ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի պլատֆորմների հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել, որպեսզի հավասարաչափ բաշխում անեն:», — ասաց նախարարը։
Թորոսյանի խոսքով՝ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք մեծ քանակությամբ պատվաստանյութ կգնեն, նույնիսկ մինչև արտադրվելը, ինչի արդյունքում մյուս երկրներին հասանելի կլինի շատ ուշ՝ հասանելի լինելուց մեկ տարի հետո:
«Տարբեր գնահատականներով՝ այն հասանելի կլինի կա’մ 2020-ի վերջին, կա’մ 2021-ի սկզբին: Դա պարզ կլինի աշնանը: Բայց ընդհանուր փաստը, որ դա լինելու է, փոխելու է իրավիճակն ու մենք վերադառնալու ենք սովորական կյանքի՝ առանց դիմակներ, արդեն ուրախալի է: Պետք է հետևել ու հետ չմնալ զարգացումներից: Արդյունքների մասին տեղյակ կպահեմ»,- ընդգծեց Թորոսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







