Կորոնավիրուսի կոլետիվ իմունիտետ ձեռք բերելու համար Հայաստանի 3 միլիոն բնակչության 80%—ը՝ մոտ 2 միլիոն 400 հազար մարդ պետք է վարակվի, իսկ այդ դեպքում՝ առնվազն 7200 մահ կգրանցվի: Նման կարծիք է հայտնել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ:
Թորոսյանը «կեղծ մասնագիտական կարծիք» է անվանել պնդումները, թե շատ մարդկանց վարակվելով՝ ազգաբնակչության մոտ բնական իմունիտետ կձևավորվի, ինչի շնորհիվ թվերը կնվազեն:
Թորոսյանը նշել է, որ այդ մոտեցումը, բացի մահերի մեծ թվից, ոչնչի չի բերի:
«Կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու համար մեզ անհրաժեշտ է 80% բնակչության վարակվածություն: Եթե 3 միլիոն մարդու 80%-ը հաշվենք, դա մոտավորապես՝ 2 միլիոն 400 հազար է, իսկ եթե հաշվենք հնարավոր ցածր մահացության տոկոսով, որը տարբեր գնահատականներով տատանվում է 0,3-0,4 տոկոսի շրջանակներում, դա 7200 մահ է», ասել է նախարարը՝ ավելացնելով, որ նման բան առաջարկողները պետք է պատրաստ լինեն մահերի պատասխանատվությունը վերցնել իրենց վրա:
Արսեն Թորոսյանը նշել է նաև, որ հայտնի չէ, թե այս հիվանդությունը երկարատև իմունտետ ընդհանրապես առաջացնում է, թե ոչ:
«Կա կարծիք, որ այլ ռեսպիրատոր վարակների պես այն չի առաջացնում երկարատև իմունիտետ, և այն տևում է մեկ կամ երկու տարի, հետևաբար, այդ բնական իմունիտետը, հնարավոր է, պետք լինի առաջացնել ամեն մեկ կամ երկու տարին մեկ և ունենալ այդքան զոհեր»:
Նախարարը նշել է, որ այլընտրանքը պատվաստումն է.
«Հույս կա, որ այս տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ պատվաստանյութերը հասանելի կդառնան: Այդ ժամանակ կոլետիվ իմունիտետը մեզ կպաշտպանի կորոնավիրուսի տարածումից»,-ասաց Թորոսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







