Շաբաթներ առաջ կորոնավիրուսով վարակվել է իմ ողջ ընտանիքը, եղբայրս այս պահին գտնվում է հիվանդանոցում, իսկ կինս նոր է դուրս գրվել, մյուս հարազատներս բուժվում են տանը։ Այս մասին պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ հայտնեց «Անտարես»ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ում հայրը՝ Աքիլես Մարտիրոսյանը հունիսի 19-ին 77 տարեկանում մահացել է կորոնավիրուսից։
Մարտիրոսյանի խոսքով՝ մոտ 4,5 ամիս չի շփվել ծնողների հետ, սակայն չի կարողացել ապահովել, որ այլ անձանց հետ՝ բոլոր կանոնների պահպանմամբ, ևս շփում չլինի, ինչն էլ դարձել է վարակվելու պատճառը։
«Իմ օրինակը ևս մեկ անգամ փաստում է, որ եթե մենք անձամբ պահպանում ենք համավարակի կանոնները, դրանով դեռ խնդիրը չենք լուծում, քանի դեռ հանդուրժում ենք կանոնները չպահպանողներին։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են, որ կորոնավիրուս չկա կամ այն անվտանգ է, նույն է, թե ասեն Ապրիլյան պատերազմի ժամանակ հարձակվող ադրբեջանական զինվորը, ադրբեջանական դրոնը կամ հրթիռն անվտանգ են»,- ասաց Մարտիրոսյանը։
Նա ևս մեկ անգամ կոչ արեց չկրկնել իր սխալը, թույլ չտալ, որ հարազատներն առանց կանոնները պահպանելու շփվեն իրար հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







