Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներն անդրադարձել են Բրիտանիայում անցկացված կլինիկական հետազոտությունների նախնական արդյունքներին, ըստ որի` դեքսամեթազոն դեղամիջոցով բուժումը կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդների կյանքը: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, նախարարությունը ստացել է մի շարք ահազանգեր, որ քաղաքացիները ձեռք են բերում դեղամիջոցը` առանց բժշկի նշանակման և ցուցման: Ըստ կլինիկական ախտանշանների` դեղամիջոցի կիրառման նպատակահարմարությունը, ներմուծման ուղին և դեղաչափերը որոշում է բուժող բժիշկը՝ հիմք ընդունելով հիվանդության ծանրության աստիճանը, դեղի հակացուցումներն ու նախազգուշացումները և դեղի նկատմամբ պացիենտի արձագանքը:
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ դեքսամեթազոն պարունակող դեղերը գրանցված են որպես դեղատոմսով տրվող դեղեր, ավելին` դրանք ունեն իմունային համակարգն ընկճող ազդեցություն, որի արդյունքում թաքնված վարակները կարող են ակտիվանալ կամ առկա վարակները կարող են սրվել, բացի այդ, դեղերի կիրառման արդյունքում դրսևորվում են լուրջ կողմնակի երևույթներ, որոնք պահանջում են բժշկական կանոնավոր հսկողություն: Հետևաբար, դեքսամեթազոն պարունակող դեղերի` առանց բժշկի նշանակման կիրառումը կարող է վնասել մարդու կյանքը և առողջությունը: Առողջապահության նախարարարությունը կոչ է անում չզբաղվել ինքնաբուժմամբ և հիվանդության բուժման ընթացքում հետևել բժշկի ցուցումներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







