Իշխող ուժը փորձում է անհետ կորածների ծնողներին բնակարաններով ապահովել՝ նրանց դժգոհությունը մեղմելու նպատակով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը թերթին հայտնել է, որ Պաշտպանության նախարարությունից զանգահարել են իրենց և հետաքրքրվել, թե ծնողներից ո՞վ ունի իր անունով բնակարան։
Ծնողի գնահատմամբ՝ այս նախաձեռնությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ պետությունը վեց տարվա ընթացքում իրենց պահանջների ուղղությամբ որևէ հստակ քայլ չի ձեռնարկել։ Նրա խոսքով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս չի կարողացել հստակեցնել, թե անհետ կորած զինծառայողներից քանի՞սն են զոհվել, քանի՞սն են գերության մեջ։
Պաշտպանության նախարարությունը տեղեկությունը դեռևս չի մեկնաբանել։
2022 թվականի հունիսին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Armenia Today-ի՝ Ադրբեջանում մնացած ռազմագերիների թվի վերաբերյալ հարցին, հայտարարել էր, որ հայկական կողմն ունի երկու ցուցակ՝ պաշտոնապես հաստատված 38 ռազմագերու և անհետ կորածների ցանկը։
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172 զինծառայող և 19 քաղաքացիական անձ, Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին 2025 թվականի հոկտեմբերին։
2026 թվականի հուլիսին անհետ կորած զինծառայողների հարազատները հայտարարել էին, որ իշխանություններից պատասխան չստանալու դեպքում պատրաստ են ինքնուրույն որոնողական աշխատանքներ սկսել և երրորդ երկրի միջոցով կապ հաստատել ադրբեջանցի անհետ կորածների ընտանիքների հետ։ Նրանք պնդել էին, որ տարիներ շարունակ պետական մարմիններից բովանդակային տեղեկություն չեն ստացել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







