Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Հովհաննավանքի տարածքում խնջույքների անցկացումն ու վանքի օգտագործումը «հոգևոր միջավայրին անհարիր նպատակներով», ասվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 6-ին «Իշխանություն» լրատվականը տեսանյութ էր տարածել, որում Հովհաննավանքի տարածքում երաժշտություն է հնչում։ Լրատվամիջոցը, հղում անելով բնակիչներին, հայտնել էր, որ այնտեղ խնջույքներ են կազմակերպվում և վրաններ տեղադրվում։
Ըստ Մայր Աթոռի՝ տեղի ունեցածն անհանգստություն է առաջացրել նաև տեղի բնակիչների շրջանում։ Եկեղեցին ստեղծված իրավիճակը կապել է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) նկատմամբ իշխանությունների «հովանավորության» հետ՝ հայտարարելով, որ խախտվում են ՀՀ օրենսդրությունն ու Հայ Առաքելական եկեղեցու իրավունքները։
Սուրբ Էջմիածինը նաև հայտարարել է, որ «վանքի բռնազավթումն ու անվավեր ծեսերի իրականացումը մոլորության մեջ են գցում հավատացյալներին» և կոչ է արել պատասխանատու մարմիններին «դադարեցնել միջամտությունը եկեղեցական կյանքին և վերականգնել զավթված եկեղեցիների օրինական կարգավիճակը»։
Ասատրյանը հերքել է տարածված տեղեկությունները։ Նրա պնդմամբ՝ հրապարակված տեսանյութը «համակարգչային պարզ համադրման արդյունք է» և չի համապատասխանում իրականությանը։
«Մտահոգ և ազնիվ հավատացյալներին ևս մեկ անգամ հրավիրում եմ ականատես և մասնակից դառնալ Հովհաննավանքի աղոթական միջավայրին, իսկ սադրիչներին հանձնում եմ Տիրոջ արդար ողորմությանը»,- հայտարարել է նա։
Ավելի ուշ կատարվածի վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել նաև Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը՝ խստորեն դատապարտելով Հովհաննավանքի տարածքում խնջույքի կազմակերպումը։ Թեմը պետական մարմիններին կոչ է արել «ձեռնարկել օրենքով սահմանված միջոցառումներ և զավթված վանքը վերադարձնել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն»։
Թեմից հիշեցրել են, որ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը նախկինում արգելել էր եկեղեցիների և վանական համալիրների անմիջական տարածքում նման միջոցառումների անցկացումը։
Ասատրյանը Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվն է։ Նա 2025-ին կարգալույծ էր հռչակվել Հայ Առաքելական եկեղեցու կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշմամբ։ Հետագայում Ասատրյանը միացել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող 19 եպիսկոպոսին և ընդգրկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ստեղծված Եկեղեցու բարենորոգման խորհրդի կազմում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







