ՀՀ կառավարությունը քննարկում է մինչև 16 տարեկան անձանց համար սոցիալական ցանցերի հասանելիությունը սահմանափակելու հարցը։ Այս մասին Ազգային ժողովում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Փետրվարի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջին անգամ հայտնել էր, որ քննարկվում է սոցիալական ցանցերում անչափահասների գրանցումն արգելելու հնարավորությունը։
Խանդանյանն այդ մասին հայտարարել է՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին արած հայտարարությանը, որով վարչապետը ՔՊ-ին և ընդդիմությանն առաջարկել էր քննարկել սոցցանցերում օգտատերերի նույնականացման մեխանիզմներ մշակելու հարցը՝ ֆեյքերի դեմ պայքարի շրջանակում։
Ավստարլիան առաջինն աշխարհում 2025 թվականի նոյեմբերին արգելել էր սոցցանցերի մուտքը մինչև 16 տարեկան երեխաներին։
Հարթակները, այդ թվում՝ Facebook-ը, Instagram-ը, TikTok-ը, X-ը, YouTube-ը, Snapchat-ը և Reddit-ը, պարտավոր են ձեռնարկել ողջամիտ քայլեր՝ 16 տարեկանից փոքր օգտատերերի կողմից հաշիվներ ստեղծելն ու դրանք պահպանելը կանխելու համար։ Այս պատասխանատվությունը կրում են հարթակները, ոչ թե երեխաները կամ նրանց ծնողները։
Ներդրումից հետո սոցիալական ցանցերի համար տարիքային սահմանափակումների հարցը ակտիվորեն քննարկվել և համապատասխան նախաձեռնություններ են իրականացվել տարբեր երկրներում։ Reuters-ի տվյալներով՝ մինչև 2026 թվականի օգոստոսը նման սահմանափակումներ կամ դրանց վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններ են ի հայտ եկել, մասնավորապես, ԵՄ-ում և Ասիայում։
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Մալայզիան, Ինդոնեզիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան և Ադրբեջանը, սկսել են սահմանափակումների ներդրման գործընթացը, սակայն դրանք դեռևս ամբողջությամբ չեն ընդունվել։
Ավելի վաղ Armenia Today-ի նկարահանող խումբը հարցում էր անցկացրել Երևանում՝ պարզելու, թե արդյոք բնակիչները կաջակցե՞ն նմանատիպ սահմանափակումների ներդրմանը Հայաստանում: Կարծիքները տարբեր էին, սակայն հարցվածների մեծամասնությունը կողմ էր երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման ավելի խիստ կարգավորումներին:
Դիտեք նաև՝
«Պետք է արգելեն», «Վերահսկելը հերիք է»․ հարցում՝ սոցցանցերից մինչև 16 տարեկանների օգտվելու մասին
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







