Քիմ Քարդաշյանի տատիկը և Քրիս Ջեների մայրը՝ Մերի Ջո «Էմ Ջեյ» Շենոնը, մահացել է 91 տարեկանում, հայտնել է Ջեներն ինստագրամյան իր էջում։
Մահվան պատճառն ընտանիքը չի հրապարակել։
«Այսօր հրաժեշտ տվեցինք իմ գեղեցիկ մայրիկ Էմ Ջեյին։ Բառերը չեն կարող նկարագրել, թե նա ինչ նշանակություն ուներ ինձ համար և որքան ցավալի է նրան հրաժեշտ տալը»,- գրել է Ջեները՝ մորն անվանելով ընտանիքի սիրտը։
Նրա խոսքով՝ մայրն ընտանիքին սովորեցրել է սիրել հարազատներին, լինել բարի, աջակցել մտերիմներին և գնահատել միասին անցկացրած յուրաքանչյուր պահը։
Ավելի ուշ տատիկի հիշատակը հարգել է նաև Քիմ Քարդաշյանը։ Instagram-ում նա Մերի Ջո Շենոնին անվանել է իր «լավագույն ընկերուհին», «բամբասանքների գործընկերը» և «հավերժական երկվորյակը»։
Քիմի խոսքով՝ հենց տատիկն է ամբողջ ընտանիքին սովորեցրել գնահատել հարազատներին, իր օրինակով ցույց տվել աշխատասեր գործարար կնոջ կերպարը և իրեն տվել առաջին աշխատանքը Սան Դիեգոյի իր խանութում։
«Դու միշտ հավատացել ես ինձ, աջակցել ես և եղել իմ ապահով վայրը։ Դու իսկապես մեր ընտանիքի մայրիշխանն էիր, և քո սերն ապրում է մեզանից յուրաքանչյուրի մեջ»,- գրել է նա։
Քարդաշյանը նաև համոզմունք է հայտնել, որ տատիկը «խաղաղություն է գտել», և ջերմությամբ կատակել է, որ նա այժմ Instagram-ում իրեն նվիրված հրապարակումներին հետևում է «իր գաղտնի finsta-հաշվից»։
Շենոնը ծնվել էր 1934 թվականին՝ ԱՄՆ Արկանզաս նահանգում։ Նա նախկինում մոդել էր, իսկ 1980 թվականին Սան Դիեգոյում հիմնել էր մանկական հագուստի Shannon & Co. խանութը։ Քիմ Քարդաշյանը պատմել է, որ հենց այդ խանութում է ստացել իր առաջին աշխատանքը։
Շենոնն ավելի վաղ հաղթահարել էր կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղը։ Նա պարբերաբար նկարահանվել էր Keeping Up with the Kardashians և The Kardashians ռեալիթի շոուներում։ Շենոնը Քորթնի, Քիմ, Քլոե և Ռոբ Քարդաշյանների, ինչպես նաև Քենդալ և Քայլի Ջեներների տատիկն է։





































