Քաղաքացիական հասարակությունը պահանջել է անկախ փորձաքննություն իրականացնել՝ պարզելու հուլիսի 6-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված և Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված սպիտակ էգ առյուծի անկման պատճառը, հայտնել է «Էկոլուրը»։
Քննչական կոմիտեն հուլիսի 6-ին հայտնել էր, որ վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ։ Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասը գնահատվել էր 30 մլն ՀՀ դրամ։
Տեղափոխման գործողությունների ընթացքում առյուծները և վագրը քնեցվել էին, սակայն սպիտակ էգ առյուծը քնեցումից չէր արթնացել։
Երևանի կենդանաբանական այգու վարկածով՝ առյուծի անկումը պայմանավորված է մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով՝ ինչն արձանագրված է հերձման ակտով։
Քաղաքացիական հասարակությունը կազմակերպությունները հայտարարել են, որ բավարարված չեն այս պարզաբանմամբ և պահանջում են անկախ հետաքննություն և փորձաքննություն։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշել է, որ Հայաստանում վայրի կենդանիների պահպանությունը կարգավորվում է օրենսդրությամբ, և այս դեպքի կապակցությամբ սպառիչ պատասխան կարող է տալ միայն անկախ մասնագիտական փորձաքննությունը։
«Էկոլոգիական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանն իր հերթին դիմել է կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով անցկացնել առյուծի անկման հանգամանքների անկախ ու թափանցիկ հետաքննություն։ Բնապահպանը պահանջել է հրապարակել անասնաբուժական փորձաքննության արդյունքներն ու տեղափոխման փաստաթղթերը։




































