Քարոզարշավի ամբողջ ընթացքում և քվեարկության օրը իշխող ուժի կողմից բազմաթիվ խախտումներ արձանագրած՝ News.am-ի լրագրող Նարեկ Խաչատրյանն ընտրության հենց հաջորդ օրը վարժական հավաքներին մասնակցելու ծանուցում է ստացել, հայտնել է լրատվամիջոցը։
ԶԼՄ-ն հայտնել է, որ Խաչատրյանը ակտիվ լուսաբանել է ՔՊ-ի քարոզարշավի ընթացքը, արձանագրել բազմաթիվ խախտումներ։ Քվեարկության օրը նա Սոթքում նկարահանել էր ընտրատեղամասում հարյուրավոր զինծառայողների կուտակումը քվեարկության ավարտից րոպեներ առաջ, ինչպես նաև զինծառայողների հետ ընտրատեղամաս մտած ու նրանցից չհեռացող քաղաքացիական հագուստով անձանց, ովքեր չունեին որևէ կարգավիճակ, որը նրանց թույլ կտար այդ պահին գտնվել ընտրատեղամասում։
ԶԼՄ-ն մանրամասնել է, որ ՊՆ խոսնակը քվեարկության օրը մոտեցել է ՔՊ շտաբի մոտ աշխատող News.am–ի մեկ այլ լրագրողի, հետարքրվել և իմացել, թե որ լրագրողն էր զինվորների քվեարկության մասին տեսանյութի հեղինակը։
«Զուգադիպությո՞ւն է արդյոք. այս զանգից հաշված ժամեր անց Նարեկ Խաչատրյանին զանգահարում են և հրավիրում Զինկոմիսարիատ։ Ներկայանալուց հետո լրագրողը առաջիկա 25–օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր է ստանում»,- հայտնում է ԶԼՄ-ն։
Լրատվամիջոցը նաև հիշեցրել է, որ Արագածոտնի մարզում ՔՊ քարոզարշավի ժամանակ Խաչատրյանը նկարահանել էր, թե ինչպես են մարզի մի քանի համայնքների դպրոցներ դադարեցրել դասերը և կազմակերպված ձևով՝ ուսուցիչներով, աշխատակիցներով ու աշակերտներով գնացել իշխող ուժի նախընտրական հավաքին մասնակցելու։ Դրանից հետո իշխանությանը հայտարարել, թե չորս դպրոցների տնօրեններ ազատման դիմումներ են գրել։
Նշվում է, որ Խաչատրյանն անցել է իր ժամկետային զինվորական ծառայությունը, և միշտ պատրաստ է կատարել իր պարտքը հայրենիքի առջև, կմասնակցի վարժական հավաքին։ Սակայն ԶԼՄ-ն հարց է ուղղել․ «Ի՞նչ բանակ է այսօր կառուցում իշխանությունը՝ ծառայությունը օգտագործելով որպես մահակ»։
Հունիսի 4-ին «Փաստ» թերթը գրել էր, որ Ռուսաստանից Հայաստան վերադարձող մինչև 55 տարեկան ՀՀ քաղաքացիներին միանգամից տանում են 25-օրյա վարժական հավաքների։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։ Վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
«Ուժեղ Հայաստանը» հայտարարել է, որ ԿԸՀ տվյալները չեն արտացոլում ընտրությունների իրական արդյունքները։ Ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է իշխանության յուրացման փորձի և ԿԸՀ-ին ճնշելու մեջ։
Կարդացեք նաև՝




































